Դվինի ճակատամարտ (572)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դվինի ճակատամարտ (այլ կիրառումներ)
Թվական | 572 թվականի փետրվարի 2 |
---|---|
Մասն է | Կարմիր Վարդանի ապստամբություն |
Վայր | Դվին |
Արդյունք | Հայոց կողմի հաղթանակ |
Հակառակորդներ | |
Մարզպանական Հայաստան | Սասանյան Պարսկաստան |
Հրամանատարներ | |
Վարդան Կրտսեր, Զորակ Կամսարական | Սուրեն (մարզպան) |
Կողմերի ուժեր | |
20 հազար | անհայտ |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Դվինի ճակատամարտ, ռազմական բախում Մարզպանական Հայաստանի և Սասանյան Պարսկաստանի միջև, որը տեղի է ունեցել 572 թվականի փետրվարի 2-ին։ Այս ճակատամարտը մաս է կազմում Կարմիր Վարդանի ապստամբության։ Երբ 564 թվականին Հայաստանի արևելյան մասում մարզպան է նշանակվում Սուրենը, երկրում սկսվում է թալան և կրոնական հալածանքներ։ Այս ամենի հետևանքը լինում է համահայկական ապստամբություն, որի ղեկավարը Վարդան Կրտսերն էր (կամ Կարմիր Վարդան)[1]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահան Մամիկոնյանի մահից հետո որոշ ժամանակ Հայաստանում շարունակվում է խաղաղություն տիրել։ Հայաստանի մարզպաններ էին շարունակում դառնալ հայազգի նշանավոր գործիչներ՝ Վարդ Պատրիկը, Մժեժ Գնունին, սակայն, երբ Սասանյան Պարսկաստանի արքա է դառնում Խոսրով Անուշիրվանը, վերսկսվում է հայերին պարսիկներին ձուլելու քաղաքականությունը։ 564 թվականին հայոց մարզպան է նշանակվում պարսիկ Սուրենը, որը քարոզում էր ընդունել զրադաշտականություն, Դվինում և այլ վայրերում կառուցվում էին կրակապաշտարաններ՝ ատրուշաններ։ Այս ամենի պատճառով Վարդան Մամիկոնյանի թոռը՝ Վարդան Կրտսերը ապստամբում է[1]։
Ճակատամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդանն իր ռազմական բոլոր ուժերը՝ 20 հազար ապստամբ, կենտրոնացրել էր Արտաշատում։
Վարդանն իր առջև նպատակ է դնում գաղտնի պահել իր ռազմական շարժման ուղին, որի համար օգտագործում է պարսիկների համար անբարենպաստ փետրվարյան կլիման (պարսիկները ցանկանում էին ռազմական գործողություններ սկսել միայն ձմռանը)։ Վարդանը կատարում է հայոց ռազմարվեստի մեջ ամենասրընթաց և ամենակարճատև ռազմերթերից մեկը[2]։
Այդ տեղի է ունեցել... արեգ ամսվա քսաներկուսին, որը փետրվար ամիսն էր` երկուշաբթի օրը։ - Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ, Պատմություն տիեզերական, Հանդես Բ, Գլուխ Բ
|
Հայոց բանակը 572 թվականի փետրվարի 2-ին անակնկալ հայտնվում է Դվինի մատույցներում։ Անակնկալի եկած պարսիկները չեն կարողանում կազմակերպված դիմադրություն ցուցաբերել։ Սկսվում է խուճապ, որն ավելի է սաստկանում, երբ իմացվում է Սուրեն մարզպանի և մոգերի սպանության մասին։ Պարսիկների նահանջը վերածվում է անկանոն փախուստի, որի հետևաքնով հայ ապստամբները կարողանում են սպանել պարսիկներից շատերին։
Ճակատամարտի ժամանակ սպարապետին մեծ օգնություն է ցուցաբերում նաև Կամսարական իշխանը՝ Զորակը, որն էլ սպանում է Սուրեն մարզպանին և նրա գլուխն ուղարկում Կոստանդնուպոլիս։